11 սեպտեմբերի 2020 - 15:21 AMT
Կաթողիկոս․ ՀԵՊ-ը պետք է առանձին առարկայով դասավանդվի

Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ՝ այլ առարկաների մեջ տարալուծման ճանապարհով։ Գարեգին Բ-ն հայտարարել է, որ եկեղեցու համոզմամբ՝ Հայոց եկեղեցու պատմությունը պետք է դասավանդնվի առանձին առարկայով։

Նման հայտարարություն նա արել է Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգ անցկացնելու ժամանակ։ Արարողությանը մասնակցել են կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:

Նա նշել է, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։

«Ցավում ենք նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրև վկայություն մեր կյանքում հայոց եկեղեցու հարամնա առաքելության և սխրանքների արժևորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլև՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին»,- նշել է նա։

Կաթողիկոսը նշել է, որ իբրև ժողովուրդ՝ «մենք մեզ քրիստոնյա գիտենք»․ ուստի պետք է ճանաչել եկեղեցին, գնահատել դրա առաքելությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել է դպրոցների կրթական ծրագրից և ըստ հայտարարությունների՝ ներառվել «Հայոց պատմություն» առարկայի մեջ։ Եկեղեցականները բազմիցս դեմ են արտահայտվել այս որոշմանը։