11 սեպտեմբերի 2020 - 16:39 AMT
ՀՀ-ում մինչև 2021-ի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ կսահմանվի կարանտին, համապատասխան որոշումը ստորագրվել է։

Դրանում նշվում է, որ ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ՀՀ-ում ևս հիվանդությունը ստացել է լայն տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի համար։

Որոշումը ստորագրվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին և կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 41,434 է, փաստացի բուժվողներինը 2880 է։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։