12 սեպտեմբերի 2020 - 15:42 AMT
Beeline Ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլի Դեմո օրը կայացել է

Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափ ներկայացրել է իր գաղափարներն ու բիզնես նախագծերը Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին, մենթորներին և հյուրերին։ Այս դեմո օրը տարբերվում էր նախորդներից, քանի որ իրականացվել է Facebook live բաց ֆորմատով և հասանելի էր բոլորին։

«Գործակցությունը Beeline-ի հետ անկասկած հաջողված է։ Վերջին 2 տարիների փորձառությունը և հաջողակ ստարտափները դրա ապացույցն են։ Այս շրջափուլը յուրահատուկ էր, քանի որ բոլոր հանդիպումները և միջոցառումները անցկացվել են առցանց ֆորմատով, անգամ ունեցել ենք Լիբանանում և Ֆրանսիայում հիմնված 3 հայկական ստարտափ», - նշել է BANA - Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

«Մեր ինկուբատորում արդեն 7-րդ դեմո օրն է, բայց ես չեմ դադարում հիանալ մեր թիմերի գաղափարներով և ստեղծարար մոտեցումներով: Հենց այսպիսի երիտասարդներն են մեր ապագան, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր ընկերությունը նրանց աջակցություն է ցուցաբերում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

7-րդ շրջափուլի շրջանավարտ ստարտափներն են Uraaa-ն, Marathon-ը, 2do-ն, Fastpax-ը և Schedex-ը։ Նրանց մասնակցությամբ դեմո օրվա ձայնագրությունը հասանելի է Beeline Startup Incubator ֆեյսբուքյան էջում:

Այժմ ստարտափները կարող են դիմել 8-րդ շրջափուլին մասնակցելու համար։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են նաև իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։