16 սեպտեմբերի 2020 - 14:00 AMT
ՌԴ-ում պատվաստանյութը փորձարկող կանանց ժամանակավոր խորհուրդ չի տրվում հղիանալ և ձվաբջջի դոնոր լինել

Ռուսական Sputnik V պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ այդ ընթացքում, կրծքով կերակրել և պատվաստումից հետո երեք ամվա մեջ դառնալ ձվաբջջի դոնոր։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հղիացածներն անմիջապես կհեռացվեն պատվաստումների ծրագրից և կառնվեն հսկողության տակ:

Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվել խուսափել բեղմնավորումից, ինչպես նաև արհետսական բեղմնավորման համար սերմնահեղուկ չտրամադրել և հետազոտությունների ընթացքում, և դրանց ավարտից հետո 3 ամվա ընթացքում։

Կամավորները պետք է դադարեցնեն ալկոհոլ օգտագործելը պատվաստումից երեք օր առաջ, իսկ հետազոտությունների ընթացքում պետք է չչարաշահեն այն։ Ծխողները պետք է սահմանափակվեն օրական 10 ծխախոտով։

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում։ Այն դրվել է արտադրության, միաժամանակ փորձարկումներ է անցնում 30,000 կամավորի մոտ։

Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։