12 փետրվարի 2009 - 20:49 AMT
Հայաստանը կմասնակցի Աշխաբադում կայանալիք էներգետիկ խորհրդաժողովին
Հայաստանը կմասնակցի «Էներգակիրների հուսալի եւ կայուն տարանցումն ու դրա դերը կայուն զարգացման ու միջազգային համագործակցության ապահովման մեջ» խորագրով միջազգային խորհրդաժողովին, որը կկայանա Աշխաբադում ապրիլին:

Հայաստանը հրավիրվել է խորհրդաժողովի վառելիքա-էներգետիկ համալիրում (ՎԷՀ) գործընկերության հեռանկարների մասին կարծքիների փոխանակման համատեքստում, հաղորդում է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:

Հրավերը փոխանցվել է հայ-թուրքմենական միջկառավարական նիստի ընթացքում: Նիստի աշխատանքին մասնակցել են Հայաստանի ու Թուրքմենստանի մի շարք պետական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Թուրքմենական կողմից հանձնաժողովը գլխավորում է Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահ Խիդիր Սապարլիեւը, հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: