23 սեպտեմբերի 2020 - 14:01 AMT
Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու, փոխանցում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, որ ոչ միայն չի ինքնաառաջադրվելու, այլև առաջադրումներ չի կատարելու։

«Այս պահի դրությամբ դեռևս չկա առաջադրված թեկնածու, կտեսնենք՝ ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկարեցանում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ էլ մոտեցում և դիրքորոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ում օգտին է քվեարկելու։

Դատավորը նաև նշել է, որ մինչև հունիսի 26-ը, Սահմանադրական դատարանը բնականոն աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը, մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցում։