23 սեպտեմբերի 2020 - 16:30 AMT
Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Մասնավորապես, Ալեքսանյանը դիմել է Վարչական դատարան՝ քաղաքապետի՝ 2020-ի սեպտեմբերի 16-ի թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար։

Այդ որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հողամասում Սամվել Ալեքսանյանն ապօրինի շենք-շինությունների կառուցման աշխատանքներ է տարել, ինչի առթիվ էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։

Ալեքսանյանին առաջարկվել է ինքնակամ քանդել շենք-շինությունները և ազատել պետական սեփականություն հողամասերը։ Գործարարն այդ ուղղությամբ քայլ չի ձեռնարկել: Քաղաքապետ Մարությանը որոշել է չօրինականացնել այդ շենք-շինությունները, քանի որ դրանք գտնվում են անտառային նշանակության հողերում։ Իսկ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարին հանձնարարվել է քանդել այդ շենքերը։