24 սեպտեմբերի 2020 - 11:28 AMT
Վարչապետի խորհրդական․ ՀՊՏՀ «մանկավարժների» քայլն անընդունելի է, արարքը՝ խայտառակ

Կրթությունը չպետք է խաթարվի որևէ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացի հետևանքով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասերի դադարեցման որոշմանը։

Սեպտեմբերի 23-ին ՀՊՏՀ կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարել էր, որ իրենց «գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը»։ Հուլիսի 17-ին կայացած մրցույթում բուհի խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: ՀՊՏՀ կոլետիվը բողոքել է, թե ինչու մինչ այժմ «ընտրված ռեկտորը նշանակված չէ»:

«ՀՊՏՀ «մանկավարժների» քայլն անընդունելի է։ Որակյալ կրթություն տալը մանկավարժի առաքելությունն է, որը չպետք է կախված լինի բուհի կամ երկրի ղեկավարությունից։ Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները, ՀՊՏՀ խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում եմ քննարկման առարկա դարձնել այս խնդիրը»,- գրել է Առաքելյանը՝ խոհեմության կոչ անելով դասախոսներին։