13 փետրվարի 2009 - 16:52 AMT
Վահան Դիլանյան. Թուրքիայի համար ավելի շահեկան կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի համար ավելի շահեկան կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ ընդմիշտ ազատվել ճանաչման վերաբերյալ հանրության բողոքներից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքական զարգացումների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը: «Մոտենում է ապրիլի 24-ը, եւ Թուրքիան գնալով ավելի հաճախ եւ ակտիվորեն է հայտարարելու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Ինձ համար զարմանալի չի լինի, եթե մինչեւ ապրիլ ամիսը Անկարան հայտարարի, որ պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը: Բայց պետք չէ մոռանալ, որ դա ընդամենը թուրքական դիվանագիտության գործիքներից մեկն է»,- նկատել է հայ փորձագետը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ պաշտոնական Երեւանը պետք է զգույշ վերաբերվի Անկարայի հայտարարություններին: «Թուրքական կողմի նման վարքը պայմանավորված է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հնարավորության հետ»,- նշել է Վահան Դիլանյանը: