25 սեպտեմբերի 2020 - 12:32 AMT
Դանակահարություն Երևանում՝ աշակերտների միջև․ Վիրավորի կյանքի համար պայքարում են

Սեպտեմբերի 24-ին դանակահարություն է եղել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտների միջև, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել է Կենտրոնի բնակիչ, 15-ամյա Դավիթ Մ-ն է: Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 13։30-ի սահմաններում դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն։

Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։

Վիրավոր տղան հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: