25 սեպտեմբերի 2020 - 16:01 AMT
Թովմասյան․ Քննարկվել են այլ սցենարներ, գուցե ՍԴ նախագահի պաշտոնում նոր առաջադրումներ լինեն

Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ չի մասնակցի ՍԴ փակ նիստին և նախագահի ընտրության քվեարկությանը. նրա տեղեկություններով՝ այլ սցենարներ են քննարկվել, կարող են նաև ՍԴ նախագահի նոր թեկնածուների առաջադրումներ լինել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Իմ ունեցած չշտված տեղեկություններով՝ որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,- ասել է նա։

Ըստ Թովմասյանի՝ եթե մեկ թեկնածու կա, «դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում»:

«Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե նույնիսկ ամենանախընտրելին էլ լինի և դրսից ուղղորդված լինի, միևնույն է՝ իմ վարքագիծը սա է լինելու».- ասել է նա։

Մեկնաբանելով կարծիքը, թե իր՝ ՍԴ նախագահ լինելը քաղաքական որոշում է եղել, Թովմասյանն նշել է, թե «իր պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել է և քաղաքական պրոցեսները չի մեկնաբանում»։

Սեպտեմբերի 23-ից ՍԴ-ն փակ նիստեր է անում, որտեղ քննարկվում է ՍԴ նախագահի ընտրության հարցը։ Սեպտեմբերի 24-ին ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնել էր, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Նա ինքնաառաջադրվել է։