Սեպտեմբերի 25-ին գրեթե միաժամանակ Միացյալ Նահանգներն իր երկրի՝ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող քաղաքացիներին կոչ է արել խուսափել Արցախի սահմանի և հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող տարածքներ այցելելուց, հետևել լուրերին։
Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդելուց, այդ թվում՝ Դիլիջան ազգային պարկից հյուսիս M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Միաժամանակ դեսպանությունը կոչ է արել չճամփորդել նաև Արցախ, հետևել լուրերին։
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին հորդորել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջին բռնությունների ֆոնին խուսափել Ապշերոնի թերակղզուց դուրս «ոչ էական այցելություններից»: Իսկ դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հրահանգվել է Ապշերոնի թերակղզուց դուրս չգալ։
Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտեր են ընթացել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտական գործողություններից հետո իրավիճակը սրվել է թե սահմանին, թե քաղաքական դաշտում։ Իրավիճակին իր ագրեսիվ հռետորաբանությամբ փորձում է խառնվել նաև Թուրքիան։