Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի միջնորդական ջանքեր ձեռնարկել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այդ մասին ասվել է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ժամանակ։
Նախարարները քննարկել են իրավիճակը շփման գծում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածաված ռազմական գործողությունների կապակցությամբ, սպանվածների և վիրավորների մասին ստացվող լուրերով։ Մատնանշվել է կրակը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ կայանալու է նաև Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։
ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: