27 սեպտեմբերի 2020 - 15:22 AMT
Պաշտոնական Ստեփանակերտը հերքել է Արցախի ԱԽ քարտուղարի՝ 10 զոհի մասին խոսքերը

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում մարտերի ընթացքում 10 զինվորականի մահվան մասին տեղեկությունը: Այդ մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով` հայկական կողմը 10 զոհ ունի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս իր հերթին հայտարարում է, որ կորուստների մասին այս պահին հստակ ինֆորմացիա չկա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: