28 սեպտեմբերի 2020 - 12:19 AMT
ԵԱՀԿ գործող նախագահի կոչը՝ անհապաղ վերադառնալ հրադադարին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Ես բոլոր ներգրավվածներին կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարին, քանի դեռ այս հակամարտությունում զոհերի թիվը չի ավելացել»- ասել է Ռաման, տեղեկացնում է Region Monitor-ը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ: Ռաման հայտարարել է, որ լիովին աջակցում է տեղերում իրավիճակի կայունացմանն ուղղված նրանց ջանքերին և կրկին հայտարարում, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նա ընդգծել է իր աջակցությունն առանց նախապայմանների հնարավորինս շուտ առարկայական բանակցությունները վերսկսելու համանախագահների ջանքերին:

Գործող նախագահն իր ցավակցությունն է հայտնել բռնության այս վերջին ալիքի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։