28 սեպտեմբերի 2020 - 22:28 AMT
Արցախի բանակը հակառակորդի ինքնաթիռ է խոցել

Արցախի Մարտունի քաղաքի հատվածում Պաշտպանության բանակն ադրբեջանական ինքնաթիռ է խոցել։ Այս մասին, «Առաջին ալիքի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել», - ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Սեպտեմբերի 28-ին հակառակորդը հրետակոծել էր Մարտունի քաղաքը։

Ավելի վաղ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Պաշտպանության բանակն ընդհանուր 58 զոհ ունի:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։