29 սեպտեմբերի 2020 - 12:54 AMT
ՌԴ Պետդումայում կքննարկվի ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը

ՌԴ Պետական դուման ընդլայնված նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ որոշման նախագիծը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավորները հայտարարություն էին պատրաստել ուժի կիրառման անթույլատրելիության և Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Խորհրդարանականները փաստաթղթում կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցություններին և պատրաստակամություն հայտնում միջնորդ դառնալ իրավիճակը կայունացնելու գործում։

ՌԴ խորհրդարանի ստորին պալատը ևս հայտարարում է, որ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, կոչ է անում թույլ չտալ առճակատման հետագա սրում և նշում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Հայտարարությունն ուղարկվելու է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, ՀՀ և Ադրբեջանի խորհրդարաններ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը զգուշացրել է, որ ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման սպառազինության տեսակներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ռազմական գործողություններից անմիջապես հետո ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ կամավոր Արցախ մեկնելու պատրաստակամություն են հայտնել։ ՀՀ-ում ու Արցախում ռազմական դրություն է հայտարարվել։ ՀՀ-ից պահեստազորում հաշվառվածների ելքն արգելված է։