29 սեպտեմբերի 2020 - 18:00 AMT
Կրեմլի կոչը մյուս երկրներին՝ յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին

Կրեմլը կոչ է արել մյուս երկրներին յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կողմերին պետք է համոզել վերդառանալ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։

«Կրեմլում վստահ են, որ Ադրբեջանին կամ ՀՀ-ին ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում հակամարտության կրակին։ Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք նման հարցադրմանը»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսին է նաև Թուրքիան, ամեն ինչ անել՝ համոզելու համար հակամարտող կողմերին վերադառնալ խաղաղ կարգավորմանը քաղաքական դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ «ՌԴ-ն մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ տարբեր մակարդակներում»։

«Մենք հավաքում ենք շփման գծում կատարվողի մասին ամբողջ տեղեկատվությունը, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այդ գիտելիքները մեր դիրքորոշման ձևավորման և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ մեր հետագա քայլերը որոշելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։