1 հոկտեմբերի 2020 - 11:46 AMT
ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Արցախում իրավիճակը

Հոկտեմբերի 1-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում մեկնարկող երկօրյա արտապլանային գագաթնաժողովում կքննարկեն նաև հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում։

Գագաթնաժողովի առաջին օրը քննարկվելու է լարված իրավիճակը Միջերկրական ծովում և այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է քննարկել նաև ճգնաժամը Բելառուսում և Մինսկի դեմ պատժամիջոցների հարցը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված միջադեպը։

Թեև առաջիկա գագաթնաժողովն առցանց չէ, առկա է ընթանում, լրագրողներին նախկինի պես թույլ չեն տալիս մուտք գործել Եվրախորհրդի շենք՝ պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։