2 հոկտեմբերի 2020 - 21:28 AMT
Հովհաննիսյան․ ՀՀ սահմանին համեմատաբար հանգիստ է

Հոկտեմբերի 2-ի երեկոյի դրությամբ Հայաստանի պետական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եթե չդիտարկվեն հոկտեմբերի 1-ի լույս երկուսի գիշերվա դեպքերը, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնաբերվել ու ոչնչացվել Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում:

«Այս պահի դրությամբ սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է ու համեմատելի չէ Արցախի սահմանին ու Ստեփանակերտում տեղի ունեցածի հետ»,-նշել է նա։

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը 3 անգամ հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութ քաղաքը։ Տուժել են խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։