Հայաստանում հոկտեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 51,925-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 543-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։
Ապաքինվել է ևս 177 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,583 է, փաստացի բուժվողներինը՝ 6068։
Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 972 դեպք կա, այլ պատճառով՝ 302։
Մեկ օրում թեստավորվել է 3483 մարդ։ Ընդհանուր առմամբ, 303,707 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացրել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։