3 հոկտեմբերի 2020 - 12:18 AMT
Վրաստանը պաշտոնապես արգելել է ՀՀ-ին և Ադրբեջանին զենք տարանցել իր տարածքով

Վրաստանի կառավարության որոշմամբ ժամանակավոր կասեցվել է ՀՀ և Ադրբեջան ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ցամաքային և օդային ճանապարհներով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը:

Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր, որ չեզոք է մնալու և ոչ ՀՀ-ին, ոչ էլ Ադրբեջանին չի աջակցելու, ինչպես նաև իր տարածքով էլ արգելելու է զենքի տարանցումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Կարդացեք նաև՝ Ում են ձեռնտու ՀՀ-ում հակավրացական տրամադրությունները