4 հոկտեմբերի 2020 - 13:29 AMT
Հարությունյան. Կրակը Գյանջայի ռազմական օբյեկտների վրա դեռ դադարեցվել է՝ խուսափելու անմեղ զոհերից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այս պահի դրությամբ դադարեցնել կրակը ադրբեջանական Գյանջա քաղաքի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար։ Հարությունյանը հակառակորդին կանգ առնելու կոչ է արել։

Նա հայտնել է, որ Պաշտպանության բանակը Գյանջայում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Իսկ եթե թշնամին համապատասխան հետևություններ չանի, հայկական բանակը շարունակելու է համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Ավելի վաղ Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։