5 հոկտեմբերի 2020 - 14:22 AMT
ԱՊԼ գլխավոր քարտուղարն ապակառուցողական է որակել Թուրքիայի դերը ԼՂ խնդրի գոտում

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը ապակառուցողական է որակել Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում։ ԱՊԼ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Թուրքիայի նման պահվածքը կարող է «վատ ավարտ ունենալ» այդ երկրի համար, գրում է ArabNews-ը:

«Էրդողանը միջամտել է Կովկասում, Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, ներխուժել Արևելյան Միջերկրական ծովի հատված, որտեղ գազի հանքեր կան։ Հիմա բոլորն Էրդողանին ասում են, որ իր գործողությունները կպատժվեն», - ասել է ԱՊԼ վարչական ղեկավարը:

Ղեյթն ասել է նաև` իրեն զայրացնում է, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին օգտագործում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար։

«Ցավալի է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից»,- ասել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։