5 հոկտեմբերի 2020 - 14:59 AMT
Էլթոն Ջոն․ Հայերն արժանի են կայուն խաղաղության

Հանրահայտ բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը ևս արձագանքել է թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի դեմ` նշելով, որ հայերն արժանի են կայուն խաղաղության։

Instagram-ի իր էջում հայտնի երգիչը կարմիր քարտ է հրապարակել՝ գրելով, որ միանում է #PeaceForArmenians արշավին։

«2018-ի մայիսին ես այցելել եմ Հայաստան և ապշած էի իմ հանդեպ հայ ժողովրդի ցուցաբերած բարությամբ և մարդկայնությամբ։ Հիմա Հայաստանն ու Արցախը դիմագրավում են ոչնչով չհրահրված թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Թիրախում են խաղաղ մարդիկ, երկու կողմից մարդիկ են զոհվում։ Հայերը հիանալի մարդիկ են և արժանի են կայուն խաղաղության՝ հալածանքների տասնամյակներից հետո»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։