5 հոկտեմբերի 2020 - 23:12 AMT
ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ-ները՝ ԼՂ վիճակի մասին. Վերջին շրջանի հարձակումները խիստ վտանգում են տարածաշրջանային կայունությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքի գործերի գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Այդ մասին ասվում է ԼՂ հարցի վերաբերյալ նրանց համատեղ հայտարարությամբ, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Մասնավորապես, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում առանց նախապայմանների հրադադար հաստատել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Նախարարներն անվերապահորեն նշում են, որ վերջին շրջանի հարձակումները, որոնց նպատակը, հավանաբար, քաղաքացիական օբյեկտներն էին ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև այդ հարձակումների անհամամասնությունը տարածաշրջանային կայունության համար անընդունելի վտանգ են ներկայացնում»,- ասված է հայտարարությունում:

Հղում անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը, նախարարները կրկին կոչ են անում հակամարտող կողմերի անվերապահորեն հրադադար հաստատել:

Բացի այդ, դրանում նշվում է, որ կողմերը պատրաստ են իրենց վստահված մանդատով կոչ անել ՀՀ ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին` հիմնվելով արդեն հայտնի միջազգային փաստաթղթերի և սկզբունքների վրա: