6 հոկտեմբերի 2020 - 18:53 AMT
ԵԽԽՎ-ն դատապարտել է ԼՂ մասով Թուրքիայի սադրիչ հայտարարությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի կոմիտեում դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և կոչ արել Անկարային դադարեցնել նման գործողությունները։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի ղեկավար Միխաել Օստրում Յենսենը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, երկու երկիրը (Ադրբեջանն ու Հայաստանը) պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել վեճերը։ Այդ պարտավորությունը, որը ստանձնում են բոլոր անդամ պետությունները, նշանակում է նաև, որ բոլոր անդամ պետությունները պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին լուծել վեճերն ուժի միջոցով»,- ասվում է կոմիտեի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում։

«Կոմիտեի անդամները նաև արտահայտվել են Թուրքիայի անմիջական մասնակցության մասին հակամարտությանը և կոչ արել նրան անհապաղ դադարեցնել դա»,- ասել է նա։

«Այս մարտական գործողություններն արագ վերաճում են լայնածավալ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։