Ադրբեջանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում Իրաքից և Սիրիայից վարձկաններ են կռվում հայկական բանակի կողմից, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին:
«Սրանք բացարձակապես սխալ հայտարարություններ են, եթե նկատի ունեն քրդերին, ապա նրանք [առանց այդ էլ-խմբ․] ունեն իրենց սեփական խնդիրները, որպեսզի կռվեն նաև Հայաստանի կողմից»,- ասել է նա։
Ադրբեջանն իր հերթին մեղադրում է Հայաստանին՝ իբրև Սիրիայում և Իրաքում կռվող քրդերի, սիրիահայերի մարտերում ներգրավելու համար։ Ի տարբերություն հայկական կողմի հայտարարությունների՝ ադրբեջանական պնդումներն ապացույցներ չունեն։
Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։
Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։