Հոկտեմբերի 3-ի դրությամբ Ադրբեջանի Գյանջա քաղաքի միջազգային օդանվակայանում, ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիայի զինված ուժերին պատկանող առնվազն 2 հատ F-16 կործանիչ կար՝ ենթադրաբար CN-235 տեսակի բեռնատար ինքնաթիռի կողքին։ Սա արձանագրել է NY Times-ի՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետ Քրիստիան Թրիբերթը։
Թուրքական F-16-երն Ադրբեջան են տարվել դեռ 2020-ի օգոստոսին կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանակում։
Փորձագետը Twitter-ում գրում է, որ արբանյակային լուսանկարներում երևացող ինքնաթիռները համեմատել են մի շարք, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերում առկա ինքնաթիռների հետ և պարզել, որ բնութագրերով դրանք ամենաշատը համընկնում են F-16-երի հետ։
Նա նաև նշում է, որ օդանավակայանում կանգնած է նաև ավելի մեծ ինքնաթիռ, որը, ըստ երևույթին, կրկին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող CASA / IPTN CN-235 տրանսպորտային ինքնաթիռն է։
Թրիբերթի խոսքով՝ սա կարող է վկայել ԼՂ շուրջ հայ-ադրբեջանական բախումներին Թուրքիայի առավել մեծ ներգրավվածության մասին, քան Ադրբեջանին սիրիացի վարձկաններով աջակցելը։
Հոկտեմբերի 4-ին Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։