9 հոկտեմբերի 2020 - 11:49 AMT
Սբ Ղազանչեցոցում ծանր վիրավորված ռուս լրագրողին Արցախից տեղափոխում են ՀՀ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա երկրորդ հարվածի հետևանքով ծանր վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկն Արցախից տեղափոխվում է Երևան։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ նրա տեղափոխման մասին հայտնել էր Wargonzo տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ հարթակի տեղեկություններով՝ Կոտենոկն արհեստական կոմայում է։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի Սբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն՝ պատճառելով ավերածություններ։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցու ներսում եղել են լրագրողներ, որոնցից երեքը վիրավորվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։