Կեղծ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իր երկրի բանակը գրավել է Արցախի Հադրութ քաղաքը։
«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ալիևի հայտարարությունից հետո ռուսական WarGonzo տելեգրամի ալիքում ռուս լրագրողները լուսանկար են հրապարակել ու նշել, որ քիչ առաջ են Հադրութից վերադարձել և այն Արցախի պաշտպանության բանակի հսկողության տակ է։
Իր հերթին, Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նույնպես հերքել է Ալիևի «հերթական ցննդաբանությունը»:
«Իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»,- նշել է նա:
Քիչ անց ՊՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել՝ արված րոպեներ առաջ Հադրութում:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։