9 հոկտեմբերի 2020 - 20:42 AMT
Մինչև 1․5 մլն դրամի տուգանք՝ ռազմական դրությանը չհամապատասխանող լուրեր տարածելու համար

Հայաստանում ռազմական դրության պայմաններում 700,000-ից մինչև 1 մլն դրամի չափով տուգանք է նախատեսված լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելու, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելու դեպքում, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշել է, որ 300,000-700,000 դրամի չափով տուգանք է նախատեսված լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու դեպքում։

«Ռազմական դրության կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողի համար նախատեսվում է 1-1.5 մլն դրամի, լրատվական գործունեություն չիրականացնողի համար 700,000-ից 1 մլն դրամի չափով տուգանք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։