11 հոկտեմբերի 2020 - 15:49 AMT
Արցախի ԱԺ-ի կոչը ՀՀ-ին, ՌԴ-ին և Իրանին՝ Հակաահաբեկչական համատեղ կենտրոն ստեղծել

Արցախի Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

ԱԺ-ից նշել են, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի օժանդակությամբ, տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից։ Այս մասին բազմաթիվ ապացույցներ կան ու պաշտոնական հայտարարություններ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Սիրայի պաշտոնատար անձանց կողմից։

Արցախից կոչ են անում նաև դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար։

Ըստ ԱԺ-ի` Թուրքիայի և Բաքվի իշխանությունների բերած ահաբեկիչները, եթե կարճաժամկետ կտրվածքով սպառնում են Արցախին, ապա երկարաժամկետ կտրվածքով գլոբալ սպառնալիք են և տարածաշրջանային պետություններին, և միջազգային անվտանգությանը, և հենց բուն Ադրբեջանի խաղաղ բնակչության համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։