12 հոկտեմբերի 2020 - 23:32 AMT
Ինչպես է ադրբեջանական լոբբիստական ցանցը Վաշինգտոնում առաջ տանում ԼՂ հարցով Բաքվի դիրքորոշումը

Վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվացրել է իր լոբբիստական գործունեությունն ԱՄՆ-ում, այն միանգամից աշխատում է 6 ընկերության հետ, որոնց թվում են Livingston Group, Stellar Jay Communications, BGR, Podesta Group և DLA Piper լոբբիստները։ 2019-ին երկիրը լոբբինգի վրա ծախսել է $1․3 միլիոն:

Ըստ The American Conservative-ի՝ տարիներով Ադրբեջանի հաշվին լոբբիստները հանդիպել են համալսարանների, վերլուծական կենտրոնների, Կոնգրեսի անդամների հետ։ Նրանց կազմակերպել են բարենպաստ հոդվածների տպագրություն այնպիսի խմբագրություններում, ինչպիսիք են The Hill-ը, Washington Times-ը, Daily Caller-ը, National Review-ն, Washington Post-ը, New York Times-ը: Ընդ որում, դրանք ի սկզբանե տպագրվում էին՝ առանց հեղինակների Ադրբեջանի հետ ֆինանսական կապերը բացահայտելու։

Այդ ընկերությունները, ըստ օրենքի, հայտարարագրում են իրենց գործունեության ոլորտի մասին փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում՝ ինչ բնույթի ծառայություններ են մատուցում։

Ընկերություններն, իրենց որակմամբ, տարածում են «տեղեկատվական նյութեր», սակայն դրանք ավելի ճիշտ է որակել քարոզչություն։ Դրանք ընգծում են Հայաստանի «սադրիչ գործողությունները», հակամարտության մեջ նրա «անօրինական» դերը, Հայաստանի՝ «ադրբեջանցի խաղաղ բնակիչներին, երեխաներին սպանելը», «Հայաստանի ղեկավարների՝ խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվ խարխլումը»:

Իսկ Կոնգրեսում լոբբիստների շրջանառված փաստաթղթերում անհավանական պնդումներն ավելի շատ են, նշվում է, որ «Հայաստանը երկար ժամանակ ներգրավված է եղել Մերձավոր Արևելքի ահաբեկչությանը», «Ադրբեջանը հետևողական է եղել հակամարտության մեջ բեկումնային և առարկայական բանակցություններ վարելու հարցում», իսկ «Թուրքիան ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտությանը և հայ-ադրբեջանական հակամարտության կողմ չէ»: