13 հոկտեմբերի 2020 - 16:39 AMT
ԱՄՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել հրադադարի պարտավորությունը

ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել իրականացնել հրադադարի համաձայնության ընթացքում ստանձնած պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, որոնցից են Գյանջան ու Ստեփանակերտը։

Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա նաև ցավակցել է զոհերի համար ու նշել, որ իրենք հավատարիմ են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։