13 հոկտեմբերի 2020 - 16:43 AMT
Թբիլիսի․ Ադրբեջանի ինքնաթիռների բեռը, փաստաթղթերով, մարդասիրական է

Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում, Ղարաբաղում ապակայունացման պահից Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցումը ցամաքային և օդային ճանապարհով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, փոխանցում է Aliq.ge-ն:

«Մեկ անգամ ևս ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն՝ չվերթերը, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին: Չնայած դրան, լրատվամիջոցներում ակտիվացել են շահարկումները, իբր Վրաստանի տարածքով ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական չվերթերի քողով»,- հայտարարել է նա՝ նշելով, որ խախտում հայտնաբերելու և կայուն ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։