13 հոկտեմբերի 2020 - 21:25 AMT
Մնացականյանն ու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել են` ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Մոսկվա մեկնած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Երկուսն էլ ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր:

Մնացականյանը ներկայացրել է ԼՂ-ում վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։