14 հոկտեմբերի 2020 - 10:38 AMT
ԱԳ նախարարը՝ ՌԲԿ-ին․ Չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններին, հայտարարել է, որ հնարավոր չէ բանակցային գործընթացից դուրս թողնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ հարցն առնչվում է հենց ԼՂ-ին, հենց ԼՂ բնակչությանը, որն ունի իր ընտրված իշխանությունը։

«Մենք չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին»,-ասել է նախարարը։

«Ինչպես էլ անվանի ԼՂ իշխանություններին ադրբեջանական քարոզչությունը, կան իրողություններ։ Եվ, ի դեպ, դա ընդունում են բոլորը՝ և համանախագահները, և կողմերը։ Ղարաբաղն ունի իր խոսքը։ Այն, որ նա չկա բանակցությունների սեղանի շուրջ, չի նշանակում, որ մենք չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ։ Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք զանգում և հրահագներ ենք տալիս, ապա բոլորովին չի պատկերացնում Հայաստանի, ԼՂ, մեր կյանքի ու մեր հարաբերությունների իրողությունները։ Մենք չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին, բայց կարող ենք աշխատել նրա հետ»,-ասել է Մնացականյանը։

Նախարարը հավելել է, որ անհնար է մի իրավիճակ պատկերացնել, որ Երևանում կարող են ինչ-որ բան որոշել, ինչ-որ բանի մասին պայամանվորվել և դնել սեղանին առանց ԼՂ համաձայնության։

«Ադրբեջանի քարոզչության համար այս հարցն այդքան սրություն է ստացել, քանի որ իրենց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որտեղ Ղարաբաղ չկա։ Բայց իրողություններն այլ են»,- ասել է նա։

Մնացականյանը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը նրա անվտանգության ապահովման կարևոր միջոց է։

«Մեր պատկերացմամբ` ԼՂ հարցի լուծումն առաջին հերթին տևական, կայուն և ամուր անվտանգության ապահովումն է՝ մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության ապահովումը։ Այդ հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը։ Ադրբեջանը` դիմելով ռազմական ճանապարհի, շատ մեծ հարված հասցրեց բանակցային գործընթացին։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համար ամեն ինչ է արվելու։ Եվ ԼՂ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգությունն ապահովելու կարևոր քայլ է»,- ասել է նա։

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։