14 հոկտեմբերի 2020 - 13:39 AMT
Բեգլարյան․ Քչերն են պատկերացնում՝ ինչ տեսակի վայրագություններ են կանխում մեր առյուծ-տղաները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս հայրենական պատերազմը լի է բազմաթիվ դրական ու հերոսական դրվագներով ու կերպարներով, որոնք պետք է նկատել ու պայքարել դրանց ավելացման ուղղությամբ:

«Շատ քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները: Հենց այսօր էլ նրանք մեծ գործեր են արել...»,-գրել է նա։

Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ից ինքն ու իր թիմը որքան կարողացել են՝ համեստ ներդրումն են ունեցել Հայրենիքի պաշտպանության գործում:

«Իմ խորագույն երախտագիտությունն եմ հայտնում բոլոր-բոլորին, ովքեր այս կամ այն ձևով ու չափով սրտանց նպաստում են յուրաքանչյուրիս կյանքի ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին՝ դիրքապահ տղաների աներկբա առաջնորդությամբ: Նաև սրտանց ցավակցություններս եմ փոխանցում մեր հերոս զոհերի բոլոր հարազատներին:Ամուր պահենք թիկունքը, և առաջնագիծն էլ ամուր կլինի»,-գրել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։