15 հոկտեմբերի 2020 - 10:58 AMT
ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակին «վշտացրել է Գեղարքունիքում 14-ամյա դեռահասի ծանր վիրավորման լուրը»

ՀՀ-ում ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) գրասենյակը վշտացած է Գեղարքունիքում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը։

«Մենք վշտացած ենք՝ տեղեկանալով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա դեռահաս է ծանր վիրավորվել։ Մենք կարեկցում ենք բոլոր երեխաներին, որոնք տուժել են, և միանում ենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին՝ պաշտպանել խաղաղ բնակիչներին, պահպանելով հումանիտար իրավունքն ու դադարեցնելով կրակը»,- ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի։ Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։