15 հոկտեմբերի 2020 - 11:04 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 1371 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 59,995-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1371-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է ՀՀ-ում համավարակի բռնկումից ի վեր։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1046 դեպք կա, այլ պատճառով՝ 311։

Ապաքինվել է ևս 406 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,119 է, փաստացի բուժվողներինը՝ 11,519։

Մեկ օրում թեստավորվել է 3957 մարդ։ Ընդհանուր առմամբ, 336,111 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։