15 հոկտեմբերի 2020 - 16:43 AMT
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

Չնայած հայտարարված հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանի զինված ուժերը կրկին հրթիռակոծում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ թիրախակետում կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներն են։

«Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան»,- նշել են գերատեսչությունից։

Ավելի վաղ տելեգրամյան Wargonzo ալիքը հայտնել էր, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով մոտ 10 հարված է հասցվել քաղաքին։

Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնություն էին ձեռք բերել հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով։ 12։05 րոպեի դրությամբ Ադրբեջանը հարձակման է դիմել՝ խախտելով հրադադարը։ Մարտերը շարունակվել են և ըստ էության հրադադարը չի պահպանվել։ Այդ ընթացքում Ադրբեջանը հրետակոծել է նաև խաղաղ բնակավայրեր։