15 հոկտեմբերի 2020 - 21:47 AMT
Լավրով ու Չավուշօղլու. ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով:

Հոկտեմբերի 14-ին ԼՂ հակամարտության թեման քննարկել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Երկու կողմն էլ կարևորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու մասին՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։