16 հոկտեմբերի 2020 - 23:38 AMT
Ստեփանակերտն ու այլ համայնքներ հրթիռակոծվում են․ Շոշում բնակիչ է վիրավորվել

Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյի դրությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է, հրթիռային հարվածների տակ են նաև Արցախի այլ համայնքները, Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է վիրավորվել, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ ծանր հրթիռներից հարված է հասցվել Ստեփանակերտին։

«Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։