17 հոկտեմբերի 2020 - 14:40 AMT
Զելենսկին Էրդողանին հրավիրել է մասնակցելու Ղրիմի «ապաօկուպացմանը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է մասնակցելու Ղրիմի թերակղզու «ապաօկուպացման» գործընթացին, իսկ Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է աջակցել նոր բանակցային ձևաչափին, փոխանցում է «ՈւՆՆ-ն»:

Ավելի վաղ Էրդողանը Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք և Կիևի հետ աջակցելու է Ղրիմի թաթարներին, ինչպես նաև սատարում է Ուկրաինայի «տարածքային ամբողջականությանը»։

Էրդողանի հայտարարությանն արձագանքել էր Ղրիմի կառավարության փոխնախագահ, ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, որն ասել էր՝ Անկարայի պահվածքը քաղաքական տրամաբանության բացակայության օրինակ է և ցույց է տալիս` ինչպես են թուրքական իշխանությունները վատնում իրատեսությունը:

«Այս դիրքորոշումը մատնանշում է մի քանի ոչ այնքան հեռատես թուրք գործիչների այլ, վատ թաքցվող պլանների մասին, որոնք գաղտնիք լինելու համար շատ հեշտ է գուշակել»,- ասել էր նա։

Իսկ ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովն ասել էր, թե Թուրքիայի՝ Ղրիմի վերաբերյալ պարբերաբար արվող հայտարարությունները վկայում են, որ Էրդողանն իր օրակարգն ունի։

Թուրքիայիում բազմիցս են նման հայտարարություններ արվել Ղրիմի մասին։ 2020-ի ամռանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում «Ղրիմի ապօրինի զավթումը»։