17 հոկտեմբերի 2020 - 17:48 AMT
Ժնևում ցուցարարները 500 հոգով շղթա են կազմել՝ ի աջակցություն ՀՀ-ի ու Արցախի

Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում կազմակերպել է բողոքի ցույց՝ «մարդկային շղթա» (human chain)՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, հանուն պատերազմական գործողությունների դադարեցման և Արցախի անկախության ճանաչման, փոխանցում է TDG-ն։

Մարդկային շղթան 500-ից ավելի մարդ է համախմբել։

Երթի մասնակիցները դատապարտել են Արցախի դեմ սանձազերծված հարձակումը և կոչ արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Հայերը խաղաղությունից բացի՝ ոչինչ չեն ուզում։ Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը։ Այս պատերազմը երկրորդ ցեղասպանություն է»,- ասել է շվեյցարաբնակ հայերից Անի Ղազարյան-Դրիսին։

Շվեյցարիայի հայ համայնքն Ադրբեջանի ագրեսիայի դեմ բազմամարդ բողոքի ցույցեր էր կազմակերպել նաև հոկտեմբերի 3-ին՝ Բեռնում, և հոկտեմբերի 8-ին՝ Ցյուրիխում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։