20 հոկտեմբերի 2020 - 14:50 AMT
Մայիլյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել ճանաչել Արցախը

Հոկտեմբերի 19-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը որպես արդյունավետ միջոց՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ և մարդու իրավունքների պաշտպանները։

Իր ելույթում Մայիլյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության լրացուցիչ վտանգ՝ նա շեշտել է Թուրքիայի անմիջական մասնակցությունը, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման և Ադրբեջանի զինված ուժերում ներգրավման միջոցով:

Արցախի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող չեզոք մնալ պատերազմի և խաղաղության միջև ընտրության հարցում, քանի որ իր անհաղորդությամբ նպաստում է Արցախի ժողովրդի մեկուսացմանը: Իսկ դա հենց այն է, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Արցախի մեկուսացումը դիտարկում են որպես ռազմական դիմակայության և ագրեսիայի կարևոր տարր:

Նախարարը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ դիտավորյալ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և կենսական ենթակառուցվածքները: Մայիլյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։