20 հոկտեմբերի 2020 - 14:58 AMT
ԱԳ փոխնախարար․ ՀՀ սահմանին կրակոցները որպես ագրեսիա գնահատելը և ՀԱՊԿ-ին դիմելը վաղ է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու համար պետք է Հայաստանի հանդեպ ագրեսիա լինի, իսկ սահմանային կրակոցները գնահատել որպես ագրեսիա, վաղ է, հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նա արձագանքել է հարցին, թե ինչու հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունների առնչությամբ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։

«Եթե եղավ Հայաստանի վրա հարձակում, այո, նախ պետք է դիմենք ՄԱԿ-ին՝ ֆիքսելու, որ մեր դեմ ագրեսիա է: Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, և այդ ամենը կանոնակարգված է: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել: Առաջին դեմքերի մակարդակով ինֆորմացիայի փոխանակում կա: Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք, բայց ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ին դիմելու պահը չի գա», - ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։