21 հոկտեմբերի 2020 - 17:34 AMT
Պարգև սրբազանի կոչը. Ով ի վիճակի է զենք վերցնելու` վերցրեք և եկեք

Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են զենք վերցնելու` անել դա ու պաշտպանել առաջնագծում կռվող տղաների թիկունքը:

Սրբազանը տեսաուղերձում իր հիացմունքն է հայտնել 18-20 տարեկանների հանդեպ, որոնք անհավասար պայքար են մղում թուրք- ադրբեջանական ալյանսի և միջազգային ահաբեկիչների դեմ։

«Օրհասական պահեր ենք ապրում: Բայց 90-ական թվականներին, Ապրիլյան պատերազմին երբեք չեմ դիմել նման կոչով, հիմա դիմում եմ: Մեր տղաներն առաջնագծում կարողանում են տալ հակահարված, բայց պետք է առաջ գնան: Առաջ գնալու համար պետք է իրենց թիկունքը պահել»,- ասել է նա։

Սրբազանը կոչ է անում զենք վերցնել և գնալ 2-րդ, 3-րդ գիծը պահելու, որ տղաների թիկունքն ամուր լինի, որ «հանգիստ հակահարվածից հետո գնան առաջ ու հետ մղեն թշնամուն»։

«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք: Վստահ եմ՝ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր, որտեղ մեր ճակատագիրն է լուծվում, մեր համազգային ուժով, մասնակցությամբ կլուծենք մեր հարցերը: Սպասում եմ ձեզ»,- ասում է Պարգև սրբազանը:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։