21 հոկտեմբերի 2020 - 19:57 AMT
Ադրբեջանը ԼՂ-ում կիրառում է նաև թիկունքից մոտեցված չեխական DANA հրետանի

Ադրբեջանը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, Արցախի դեմ կիրառում է նաև թիկունքի մշտական տեղակայման վայրից առաջնագծին մոտեցված չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

Այս համակարգերն Ադրբեջանը գնել է 2017 թվականին, սակայն երրորդ երկրի միջոցով՝ ենթադրաբար Իսրայելից։ Չեխիան պաշտոնական մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ տեղյակ չէ՝ ինչպես են դրանք հասել Ադրբեջան:

Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել հարավային ուղղությամբ չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Նշվում է, որ այս հրետանային կայանքներն Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում են, ինչը նշանակում է, որ դրանցով համալրվել է սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում տուժած հրետանին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։